Շարժումը, որն ստեղծվել է մարտի դաշտում վիրավորներին առանց խտրականության օգնություն ցուցաբերելու նպատակով, ընդլայնել է իր առաքելությունը և այժմ գործունեություն է իրականացնում տարբեր ոլորտներում: Այդ գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ էր սահմանել Շարժման գործունեության առանցքային դրույթներ` սկզբունքներ, որոնք կհանդիսանան վարքագծի չափորոշիչներ և ընկած կլինեն Շարժման գործունեության հիմքում:
Դեռ 1875 թվականին Գուստավ Մուանիեն խոսում էր գործունեության 4 հիմնարար սկզբունքների մասին` կանխատեսում, համերաշխություն, կենտրոնացում, ընդհանրություն: 1955 թվականին Ժան Պիկտեն Շարժման սկզբունքների մասին իր աշխատության մեջ շարադրում է 17 սկզբունք` դրանք բաժանելով հիմնարար սկզբունքների, որոնք բացատրում են Շարժման էությունն ու առաքելությունը, պայմանավորում Շարժման կառուցվածքն ու նրա գործունեության համակարգը:
Դրա հիման վրա 1965 թ. Վիեննայում կայացած 20-րդ միջազգային համաժողովում ընդունվեցին Շարժման 7 հիմնարար սկզբունքները: Այնուհետև դրանք ընդգրկվեցին Շարժման Կանոնադրության նախաբանում: Հիմնարար սկզբունքները վարքագծի չափորոշիչներ են, որոնք ընկած են Շարժման գործունեության հիմքում և Շարժման գործունեության առանցքային դրույթներն են: