Հայկական կարմիր խաչը մասնակցեց «Կլիմայական գամբիթ 2023»-ին

Հուլիսի 22-ին՝ ՄԱԿ-ի կողմից հռչակված շախմատի միջազգային օրվա կապակցությամբ, Հայկական կարմիր խաչի ընկերությունը, որպես գործընկեր, հրավիրվել էր մասնակցելու «Քայթլաբ» ընկերության կողմից բուսաբանական այգում կազմակերպված «Կլիմայական գամբիթ 2023» շախմատի մրցաշարին, որն անց է կացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի,  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, Հայաստանի շախմատի ակադեմիայի, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) և Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ:

Միջոցառման ընթացքում մրցել են շուրջ 100 շախմատիստ ամբողջ Հայաստանից: Կազմակերպվել են թիմային և անհատական խաղեր, ինչպես նաև սպորտի, արվեստի և գիտության հաղորդակցության միջոցառումներ, որոնց նպատակն էր խրախուսել առողջ կենսակերպը և կայուն զարգացմանը նպաստող վարքագիծը:

Հայկական Կարմիր խաչի թիմը՝ կամավորների մասնակցությամբ, կազմակերպել էր կլիմայական աղետների հնարավոր հետևանքների հետ կապված առաջին օգնության մաստերկլաս, ապահովել էր առաջին օգնություն հանրության համար և ցուցադրել արտակարգ իրավիճակներին արձագանքելու հմտություններ` թեմատիկ զրույցների ընթացքում։