Ես սիրում եմ շփվել Կարմիր խաչի կամավորների հետ, չեմ սիրում մենակ մնալ. Էլմիրա Դալաքյան

83-ամյա Էլմիրա Դալաքյանն ապրում է Աշտարակի փախստականների թաղամասում: Նա պատմում է, որ 1989 թվականին որդու հետ միասին գաղթել է Բաքվից՝ վերջին ինքնաթիռով: Ամուսնուն կորցրել է:

Մինչև 1995 թվականն ապրել է ժամանակավոր կացարանում Երևանում, հետո տեղափոխվել է Աշտարակ, որտեղ տներ են կառուցվել փախստականների համար: 

Որդին երկար տարիներ է, ինչ բնակվում է Ռուսաստանում: 

Էլմիրան երիտասարդ տարիներին ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվել, ու չնայած 1990  - ականների դժվարին սոցիալ-տնտեսական իրավիճակին, աշխատանք գտել է  նաև Հայաստանում: 

- Աշխատել եմ մոսկովյան շինարարական կազմակերպությունում, հետո՝ Շինարարության մինիստրությունում՝ մինչև թոշակի անցնելը, - ասում է Էլմիրան: 

Ինչպես խոստովանում են Հայկական Կարմիր խաչի ընկերության Աշտարակի մասնաճյուղի կամավորները, Էլմիրայի հետ շատ հեշտ է շփվելը:

- Ես սիրում եմ շփվել` հարևանների, Կարմիր խաչի կամավորների հետ, չեմ սիրում մենակ մնալ: Հյուրասեր եմ, ու ինքս եմ սիրում հյուր գնալ: 

Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Ձմեռային աջակցություն միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի 490 միայնակ տարեցներ ամեն ամիս ստանում են սնունդ, եռամսյակը մեկ՝ հիգիենիկ պարագաներ, կամավորներն ամեն շաբաթ այցելում են նրանց և միասին նշում տոները: