Հոգեսոցիալական աջակցություն՝ հակամարտության հետևանքով տուժած անձանց համար

Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ-ի հետ համագործակցությամբ, շուրջ երեք տարի է ՀՀ մարզերի սահմանամերձ գյուղերում իրականացնում է հոգեսոցիալական աջակցություն՝ նպատակ ունենալով պահպանել և բարելավել հակամարտության հետևանքով տուժած անձանց (մասնավորապես՝ կանանց) հոգեկան առողջությունը։

Այս փուլում հանդիպումներ են կազմակերպվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ, Սիսիան համայնքի  Բռնակոթ և Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղերում ապրող կանանց հետ։ Յուրաքանչյուր համայնքից ընտրված հոգեբան-մասնագետների օգնությամբ ձևավորվել են խմբեր, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն է ստացել կիսվել  իր հույզերով, դժվարություններով, կարիքներով և խնդիրներով։